17 փետրվարի 2021 - 17:16 AMT
Մարուքյան․ Պատերազմի դրվագները քննելու համար ԱԺ պարիտետային քննիչ հանձնաժողով է պետք

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Աժ-ում հրավիրված ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` պատերազմի ընթացիք մասին հայտարարություններին, ասել է, որ պատերազմի նման դրվագները քննելու համար պետք է փաստահավաք խումբ ձևավորվի։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 2-ին անձամբ եղել է Արցախում և տեղեկացել, որ բարձրաստիճան և մեծ փորձ ունեցող գեներալներին արգելել են մասնակցել ռազմական գործողություններին, որի վերաբերյալ նրանք իրենց բողոքը հայտնում էին Ստեփանակերտի հրապարակում, գրում է Panorama.am-ը։

«Արցախի նախագահը պետք է պատասխան տա դրա համար, քանի որ իրեն ուզեցել են օգնել նախկին նախագահները, և հանդիպում են խնդրել, և, փաստորեն, ինքը մերժել է այդ հանդիպումը»,- հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով` եթե հիմա չքննվեն այդ խնդիրները, ապա տեղեկությունները հնանալու են և այդ մասին վկայություններ տվողները հնարավոր է հետագայում այլ վկայություններ տան:

«Երրորդ նախագհի հարցազրույցի երկրորդ մասը դիտելուց հետո էլ այն համոզման եմ, որ դրանք պետք է քննության առարկա դառնան: Այս ինֆորմացիաների հետ կապված բավականին փաստաթղթավորված տվյալներ ես չեմ բացառում, որ հետո կարող է չլինեն»,- հայտարարել է Մարուքյանը։

Պատգամավորը նշել է, որ բոլորին դիրքեր ուղարկելու մասին Արայիկ Հարությունյանի հայտարարության օրը ինքը եղել է Արցախում և մի քանի պատգամավորով զենք են խնդրել համապատասխան վայրեր մեկնելու համար: «Մեզ ասվել է, որ անմիջապես հետ գնանք Հայաստան և ամեն ինչ անենք, որ պատերազմը կանգնեցնենք»,- հայտարարել է Էդմոն Մարուքյանը և շեշտել, որ արդեն հոկտեմբերի 2-ին բոլորն ասում էին, որ այդ պատերազմը պետք է արագ կանգնեցվի։

Սերժ Սարգսյանը 2018-ից հետո առաջին անգամ մեծ հարցազրույց էր տվել՝ ներկայացնելով իր հրաժարականի, պատերազմի պատճառների, ԼՂ հակամարտության կարգավորման մասին իր տեսակետը։