15 հուլիսի 2002 - 22:36 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՎՐԱ ԿԲԱՑԻ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԿԵՏԵՐ
Հայաստանի Միգրացիայի եւ փախստականների հարցերով վարչությունը հանրապետության սահմանային վերահսկման պահակետերում կբացի միգրացիայի հաշվառման կետեր: Այդ մասին «Դե-Ֆակտո» գործակալությանը տեղեկացրել է Վարչության ղեկավար Վարդան Գեւորգյանը: Մշակված են Հայաստանի տարածքով անցնող ուղեւորահոսքի հաշվառման ստանդարտ ձեւեր: Նախատեսվում է նաեւ ստեղծել միգրացիայի հաշվառման կետերից եկող տեղեկատվությունների մշակման վերլուծական կենտրոն: Գեւորգյանի խոսքերով` հաշվառման համակարգի կիրառումը համապատասխան ծառայություններին թույլ կտա ավելի ճշգրիտ պատկերացում կազմել Հայաստանից արտահոսքի բաշխման մասին: Դա հնարավորություն կտա, նշել է նա, այլ երկրներում Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանման հարց բարձրացնել, մասնավորապես, քննարկել միգրանտների աշխատանքի ապահովման խնդիրները: Բացի այդ, ինչպես ասել է Գեւորգյանը, արտահոսքի հաշվառման շնորհիվ հնարավոր կլինի ավելի ճշգրիտ պատկերացում կազմել բնակչության փաստացի թվաքանակի մասին, ինչը շատ կարեւոր է հանրապետությունում ընտրությունների կազմակերպման եւ տնտեսական քաղաքականության իրագործման հարցերում: