18 փետրվարի 2021 - 11:22 AMT
Նախագահը՝ ՄԹ նախարարին․ Հայ գերիների վերադարձն առանցքային հարց է

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոնին ու քննարկել Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը:

Սարգսյանն առանցքային է համարել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցը:

Նրանք անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին, կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական և տևական կարգավորման հարցում:

Նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում առաջացած մի շարք խնդիրների:

Նրանք հեռանկարային են համարել նաև համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, առողջապահության, գիտության ու կրթության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում: