18 փետրվարի 2021 - 12:19 AMT
Այվազյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ խաղաղ կարգավորմանը, գերիների վերադարձին առչվող հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Մոսկվայում հանդիպել է իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ ու քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող թեմաներ: Կողմերն ընդգծել են կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

ԱԳՆ-ից հայտնում են, որ Այվազյանն ու Լավրովը մտքեր են փոխանակել նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման շուրջ:

«Այդ կապակցությամբ հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում նախարար Այվազյանը շեշտել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ նշելով, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին»,- հայտնում են ՀՀ-ից։

Հանդիպման օրակարգում էին նաև ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող հարցեր:

ԱԳՆ-ից նշում են նաև, որ կարևորվել է երկու երկրների քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում ինտենսիվ երկխոսության պահպանումը։