5 մարտի 2009 - 18:22 AMT
«Ամերիաբանկը» նվազեցնում է ԱՄՆ դոլարով բիզնես վարկերի տոկոսադրույքը
«Ամերիաբանկը» Հայաստանի ֆինանսական շուկայում մարտի 5-ից ներկայացել է նոր, արդիական առաջարկով` ԱՄՆ դոլարով բիզնեսի զարգացման վարկերի տոկոսադրույքը նվազեցվում է 1%-ով: Այդ մասին այսօր PanARMENIAN.Net-ին հաղորդել են «Ամերիաբանկի» մամլո ծառայությունում:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Բանկի այս նոր նախաձեռնությունն ուղղված է սատարելու ձեռնարկատիրական գործունեության ընդլայնումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, նպաստելու ԱՄՆ դոլարով ներկրվող ապրանքների գների հնարավոր բարձրացման զսպմանը:

Փաստենք, որ Բանկի կողմից դեռեւս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին առաջարկված ավանդների ամբողջական ապահովագրման նախաձեռնությունը շարունակում է լայն արձագանք գտել հանրության շրջանում, ինչը վկայում է Բանկ-Հաճախորդ կապի օրեցօր ամրապնդման մասին: Արդյունքում` «Ամերիաբանկի» ժամկետային ավանդների շեշտակի աճ է գրանցվել փետրվար ամսին, որը կազմել է 37.0 %, իսկ ընթացիկ տարում ավանդների ծավալների աճը երկու ամսում կազմել է 51.8 %:

Նշենք նաեւ, որ Բանկի ակտիվները 2009թ. փետրվար ամսին աճել են 12.7 %-ով, իսկ ընթացիկ տարվա երկու ամսում 15.7%-ով եւ նախորդ տարվա 49.7 մլրդ դրամ տարեկան ցուցանիշից 2009թ. մարտի 1-ի դրությամբ հասել է 57.5 մլրդ դրամի: