18 փետրվարի 2021 - 15:56 AMT
Պատերազմի զոհերի 3577 մարմին փորձաքննվել է, նրանցից 428-ը ԴՆԹ նույնականացման փուլում է

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են առողջապահության նախարարությունից։

Նախարարությունից PanARMENIAN.Net-ին հայտնեցին, որ փետրվարի 13-ի դրությամբ, նրանցից 428 փորձանմուշ գտնվել է ԴՆԹ փորձաքննության փուլում։

Փետրվարի 16-ի դրությամբ, ըստ Արցախի պաշտպանության բանակի հրապարակած ցուցակների՝ հայկական կողմի զոհերի թիվը 2364 է։

Փետրվարի 17-ի դրությամբ՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնաբերել է 1485 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուն։

Ավելի վաղ Ազգային ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ հայկական կողմի զոհերի թիվը 4000-ը չի անցնելու։