20 փետրվարի 2021 - 14:22 AMT
Վարչապետ․ Հայ ժողովուրդը շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը

33 տարի առաջ այս օրերին սկսված ղարաբաղյան շարժումը հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար՝ ազդարարելով պետականության վերականգնման առաջին քայլը: Այդ մասին Ղարաբաղյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «հայ ժողովուրդը շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա»:

«33 տարի առաջ այս օրերին վերածնվեց ոչ միայն Արցախը, այլ նաև ողջ հայ ժողովուրդը: Արցախցիների ըմբոստ ոգու կայծը վառեց մեր սրտերը: Մենք մեր մեջ վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը:

Այսօր մենք նաև հիշում և մեր գլուխները խորնարհում ենք մեր հերոսների հիշատակի առջև: Հիշում ենք ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում, ապրիլյան և հուլիսյան մարտերում, մարտական հերթապահության ժամանակ զոհված մեր բոլոր նահատակներին: Փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր ժողովրդի ապագայի: Նրանց հիշատակն անմահ է: Նրանց գործը սրբազան և փառքի կրակն անմար: Զուր չէր նրանց սխրանքը և հավիտենական է նրանց թողած ժառանգությունը:

33 տարի առաջ քաջ արցախցիների գործով վերածնվեց հայ ժողովուրդը: 33 տարի անց այսօր մենք վերստին վերածնվելու կարիքն ունենք: Եթե այն օրերի վերածնունդը մեզ տարավ դեպի ազատ ապրելու իրավունքի վերահաստատում, այս օրերի վերածնունդը մեզ պետք է տանի դեպի ամուր, 21-րդ դարում մրցողունակ և ժամանակի հետ համընթաց քայլող պետության կառուցում:

Խորն է մեր ցավը, անբուժելի են մեր վերքերը: Սակայն, մեր սուրբ նահատակների հիշատակը և նրանց գործը պահանջում են, որ մենք մեր ողջ կարողությամբ լծվենք մեր ապագայի կառուցմանը, Արցախի վերածնունդը ապահովելուն»,-ասվում է ուղերձում:

Փաշինյանը նշել է նաև, որ մեր նահատակների մահը զուր չի լինի, եթե անմնացորդ նվիրվածությամբ լծվենք աշխատանքի` հանուն հզոր հայրենիքի, հանուն մեր երեխաների, հանուն մեր ապագա նվաճումների:

«Մեր ժողովրդի ոգին անկոտրում է: Արցախցու ոգին առավել ևս անկոտրում է: Նրա ապրելու և արարելու ձգտումը՝ անսասան: 33 տարի առաջ Արցախի վերածնունդով նոր էջ բացվեց մեր ժողովրդի պատմության մեջ: Մենք այսօր ոգեշնչվում ենք այն իդեալներով, որոնք սնեցին Արցախի վերածնունդը և պատրաստ ենք շարժվել առաջ մեր ազգային իղձերի և երազանքների իրականացման ուղիով»,-ասվում է ուղերձում։

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

1988-ի փետրվարի 20-ին ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը Արցախից հասավ Երևան. Թատերական հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այն դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը՝ հետագայում անվանափոխվելով Ազատության հրապարակի։