20 փետրվարի 2021 - 17:08 AMT
Սերժ Սարգսյան. 2021թ. փետրվարի 20-ը ևս կարող է դառնալ հայ ժողովրդի ազգային զարթոնքի սկիզբը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել Ղարաբաղյան շարժման 33-ամյակի առիթով՝ նշելով, որ 2021թ. փետրվարի 20-ը ևս կարող է դառնալ հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի սկիզբ։ Հայտարարությունը հրապարակել է երրորդ նախագահի գրասենյակը։

«1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր:

1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այդ պատմական շրջադարձային իրադարձության օրը Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր»,-ասվում է հայտարարության մեջ:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

1988-ի փետրվարի 20-ին ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը Արցախից հասավ Երևան. Թատերական հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այն դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը՝ հետագայում անվանափոխվելով Ազատության հրապարակի։