22 փետրվարի 2021 - 11:04 AMT
Ադրբեջանագետ Էլիբեգովան սուտ մատնության համար կդիմի ԱԱԾ

Հայտնի ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ԱԱԾ սուտ մատնության համար։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Սոցցանցերում գրառումներ հայտնվեցին, թե, իբր, Էլիբեգովան Արցախյան պատերազմում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ իր զեկույցը, որը պետք է ՄԻՊ-ին հանձնվեր, գումարի դիմաց փոխանցել է Ադրբեջանին։ Ի պատասխան Էլիբեգովան գրել էր․ «Ֆեյք ջեբս գցելը հերիք չէր, հիմա էլ ադրբեջանական շպիոն սարքեցի՞ք»։

Էլիբեգովան գրել էր, որ սկզբում որոշել էր լուրջ չվերաբերվել «այդ հիմարությանը, բայց արդեն չափերն անցնում են»:

«Փաշինյանական «Հեղափոխության պահապաններ» խմբակից ոմն Վահե Խանդիլյան և իշխանական ֆեյքերը զրպարտություն ու քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում ինչպես իմ, այնպես էլ Արա Սաղաթելյանի հասցեին: Եվ սա անհետևանք չի մնալու։

Առաջիկա օրերին ֆեյսբուքյան այս գրառումների կապակցությամբ սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան բերման էր ենթարկվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ և 1 ժամ անց ազատ արձակվել։ Էլիբեգովան հայտնել էր, որ պարալիզացված է իր աշխատանքը Ադրբեջանի հայատյացությունով պայմանավորված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, որը գտնվում էր առգրավված համակարգչում։