22 փետրվարի 2021 - 11:05 AMT
Իտալական քաղաքում ցուցադրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հուշարձանը

Իտալական Տոսկանայի Կավրիլիայի քաղաքում ցուցադրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանը, տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում։

«Հայոց մայր» կոչվող հուշարձանը հեղինակել է իտալաբնակ հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը։

«Հայոց մայր» հուշարձանը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ներկայում ցուցադրվում է Տոսկանայի Կավրիլիայի համայնքային խորհրդի դիմաց։ «Հայոց մայր» հուշարձանում քանդակագործը ստեղծել է մոր կերպարը, որը պաշտպանում է աշխարհի չորս ծայրերում գտնվող իր զավակներին»,-ասվում է գրառման մեջ։

Իտալիայի 60-ից ավելի քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2015թ․ Իտալիայի Սենատն ընդունել է Հոլոքոստի և ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

2020թ․ աշնանն Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական հարձակման ժամանակ Իտալիայի տասնյակից ավելի քաղաքներ համերաշխության բանաձևեր ընդունեցին՝ սատարելով Արցախի ժողովրդին։ Բանաձևերով նաև կոչ էր արվում միջոցներ ձեռնարկել հակազդելու համար ադրբեջանա-թուրքական ագրեսիային։ Պալերմոն, Միլանը, Չերքիարա դի Կալաբրիա այդ ընթացքում ճանաչեցին Արցախի անկախությունը։