22 փետրվարի 2021 - 16:40 AMT
Հայրենիքի փրկության շարժման երթը կմեկնարկի ժամը 18։00-ին

Հայրենիքի փրկության շարժման երթը կմեկնարկի ժամը 18։00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց)։ Այս մասին ասվում է Հայրենիքի փրկության շարժման հայտարարության մեջ:

Երթը կընթանա Հրաչյա Քոչարի փողոցով, Բաղրամյան պողոտայով և կհասնի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա անհնազանդության ակցիա:

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ի հանրահավաքում հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար պետք է լինեն ցույցեր, քաղաքը պետք է կաթվածահար արվի։ Ըստ նրա՝ կա նաև Բ ծրագիր, ըստ որի՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը։

«Գնալու ենք Ա տարբերկավով, բայց պետք է պատրաստ լինենք նաև Բ ճանապարհին։ Բայց դրա համար պետք է տեղերում կազմակերպվեն կոմիտեներ։ Մեզ պետք է վճռականություն, խելք, միասնություն։ Մեզ պետք է, որ այն մարդիկ, ովքեր կղեկավարեն պետությունը, լինեն ազնիվ ու պրոֆեսիոնալ»,- ասել է նա։