24 փետրվարի 2021 - 10:28 AMT
Արցախի ԱԺ-ն հայտարարություն կընդունի Ադրբեջանին անցած տարածքների կարգավիճակի մասին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն կընդունի «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին»։

Հայտարարության տեքստի նախագիծը քննարկվել է փետրվարի 23-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, տեղեկացնում է Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Նիստի օրակարգը հաստատելուց հետո, որպես նախագծի հեղինակ, հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն » խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը՝ ներկայացնելով հայտարարության տեքստը:

Պատգամավորների կողմից առաջարկվել է տեքստում կատարել որոշակի խմբագրում, ինչն ընդունվել է հեղինակի կողմից: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ կողմ է քվեարկել ներկայացված հայտարարության նախագծին: Այն կքննարկվի առաջիկա լիագումար նիստում:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորներ: