24 փետրվարի 2021 - 11:15 AMT
«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն հայտնաբերվել

«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել։ Այդ մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից, գրում է «Փաստինֆոն»։

Նոյեմբերի 10-ի հայտարարության ստորագրումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ԱԺ-ում, կառավարությունում ու Կոնդի ամառանոցներում տեղի ունեցած ջարդն ու այլ անկարգությունները, հայտարարել էր․ «Արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դեբոշ անողների եւ իրենց շեֆերի հետեւից, «Դաշնակցության» կոռուպցիոն հատվածի հետեւից, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական թալանչիների, «Հայրենիք»-ի դասալիքի հետևից, որը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի»։

Պարզվել է, որ «Հայրենիքի» մասով քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար ապացույցներ չեն գտել։

Արցախյան պատերազմին մասնակցած՝ «Հայրենիք» զորախմբի անդամները ՀՔԾ են հրավիրվել և հարցաքննվել նոյեմբերի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած անկարգությունների գործով։