ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին հարցազրույցում խոսել է հարցերի լայն շրջանակից՝ պատերազմից մինչև դատարաններ ու կորոնավիրուսի համաճարակ։ PanARMENIAN.Net-ը ներկայացնում է հարցազրույցի առավել ուշագրավ կետերը։
- Քանի դեռ տեսնում ենք, որ հարցի (գերիների,- խմբ․) լուծման հնարավորություններն իրական են, ընդ որում՝ մինչև այս պահին 69 գերի է վերադարձել, մենք պետք է շարունակենք աշխատել այնքան, մինչև բոլորը վերադառնան:
- Մերժում ստանալով խորհրդարանական ընդդիմությունից և ընդհանրապես՝ ընդդիմությունից, որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի բնականոն իրագործմանը:
- Սպառազինության և տեխնիկայի գնման պլանի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: (Որակյալ ռազմական,- խմբ․) տեխնիկան ձեռք բերելու ճանապարհին արվում են քաղաքական ու դիվանագիտական քայլեր, որոնք կարող են միանշանակ չընդունվել դաշնակիցների և բարեկամների կողմից:
- Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով․․․ 80-ականների զե՞նք էր գուցե:
- Իսկ ի՞նչ էր խանգարում (ՀՀ երկրորդ նախագահ) Սերժ Սարգսյանին իրականացնել (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ) Լավրովի պլանը 2018-ից առաջ։
- Փողը Հայաստանում միշտ եղել է իշխանության մաս: Մեր իշխանության առանձնահատկությունն այն է, որ մենք ունենք օրենքով սահմանված լիազորություններ, չունենք փող՝ բառիս անձնական կամ խմբային իմաստով:
- Կարծում եմ, որ մեր կառավարությունը լավագույնս է կառավարել կորոնավիրուսի համավարակը:
- Այդպիսի հավանականություն (Ամուլսարի հանքի բացման) կա և այո, կարող ենք ասել, որ մեծ է: