24 փետրվարի 2021 - 11:34 AMT
Բերդ-Ճամբարակը փակ է․ Լարսում ռուսական կողմից մոտ 500 բեռնատար է կուտակվել

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Լուսագյուղ-Սարալանջ ճանապարհը։

Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է (ձնաբուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։