24 փետրվարի 2021 - 15:13 AMT
Փոխնախարար․ Պատերազմից հետո մոտ 150 հոգի պրոթեզավորման կարիք ունի, 600-ը հաշմանդամության կարգ է ստացել

Պատերազմից հետո հաշմանդամության կարգ է տրվել մոտ 600 անձի, 150-ի համար հաշմանդամություն առհասարակ չի սահմանվել, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, փոխանցում է «Ա1+»-ը։

Նրա խոսքով՝ հաշմանդամության առաջին խումբ է ստացել 82 հոգի, երկրորդ՝ 173, երրորդ՝ 335:

Ըստ նրա՝ պատերազմի հետևանքով վնասվածք ստացած մոտ 150 անձ պրոթեզավորման կարիք ունի: Նրանցից 99-ին արդեն մասնագիտական խմբերն այցելել են:

«Մոտ 150 անձի հաշմանդամություն առհասարակ չի սահմանվել: Այն անձը, որն առաջնային բուժօղակից ուղեգրվում է բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, դա դեռ պարտադիր հիմք չէ, որ նա ստանա հաշմանդամության խումբ: Հաշմանդամության խումբ ստանալը կամ չստանալը պայմանավորված է մարդու այդ պահին կենսագործունեության սահմանափակման հիմքով: Ասեմ, որ սահմանված է աջակցություն վերջին պատերազմի մասնակից, բայց հաշմանդամության կարգ չունեցող կամ հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձանց համար: Ֆինանսավորումը 500 հազարական դրամի չափով է»,- ասել է Տաթևիկ Ստեփանյանը:

44-օրյա պատերազմից հետո վիրավոր զինծառայողների վերջնական թվի մասին տվյալներ դեռ չկան։