24 փետրվարի 2021 - 17:07 AMT
ԶԼՄ․ Իսրայելը մտադիր է մարտին պատվաստման միջոցով Covid-19 -ի դեմ կոլեկտիվ իմունիտետ ապահովել

Իսրայելում մտադիր են մարտին Covid-19-ի դեմ կոլեկտիվ իմունիտետ ապահովել պատվաստումների միջոցով։ Իսրայելի առողջապահության նախարարության և Pfizer ընկերության համատեղ զեկույցում, որը հասանելի է որոշ ԶԼՄ-ների (օրինակ՝ MIT Technology Review և Reuters), ասվում է, որ, հաշվի առնելով պատվաստումների տեմպը երկրում, արդեն մարտին հնարավոր կլինի հասնել 85 պատվաստում՝ 100 մարդու հաշվարկով ցուցանիշին։

Զեկույցում նշվում է, որ Pfizer/BioNTech արտադրության պատվաստանյութը կասեցնում է վարակը 10-ից 9-ի դեպքում, գրում է Republic.ru-ն։

Զեկույցը դեռ պաշտոնապես չի հրապարակվել. ոչ Իսրայելի առողջապահության նախարարությունը, ոչ էլ Pfizer ընկերութունը չեն մեկնաբանել «արտահոսքը» և չեն հաստատել դրա իսկությունը։

Զեկույցում նկարագրված են հունվար-փետրվարի 3 շաբաթվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունները, երբ հեղինակները կարող էին համեմատել չպատվաստվածների առողջական վիճակը պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստացածների հետ։ Ըստ նրանց եզրակացությունների՝ Pfizer/BioNTech պատվաստանյութի արդյունավետությունը մոտ 93% է՝ արտահայտված ախտանիշներով հիվանդության ընթացքի դեպքում։

Հոսպիտալացումների և մավան դեպքերը պատվաստվածների մոտ ևս նվազել են։ Գիտնականները եզրակացրել են, որ պատվաստանյութը 89.4%-ով արդյունավետ է թեստով ախտորոշվող վարակի ցանկացած ընթացքի դեպքում, այդ թվում՝ անախտանիշ։

Ըստ վերջին եզրակացության՝ ենթադրվում է, որ պատվաստանյութը գրեթե լիովին կարող է ճնշել վիրուսի տարածումը՝ այդպիսով վերջ դնելով պանդեմիային։

Փետրվարի 15-21-ն աշխարհում կորոնավիրուսով վարակվածերի քանակը նվազել է 11%-ով, իսկ մահացությունը կրճատվել է 20%-ով։ Հիվանդացության նվազում է նկատվում 6-րդ շաբաթն անընդմեջ։ Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում։