24 փետրվարի 2021 - 18:26 AMT
Clubhouse-ը սկսել է Android-ի համար հավելվածի մշակումը

Clubhouse ձայնային սոցցանցը սկսել իր հավելավծի մշակումը Android բջջային օպերացիոն համակարգի համար։ Այդ նպատակով հրավիրվել է Android-ի ծրագրային ապահովման մշակող Մոպեվու Օգունդիպեն, գրում է Forbes-ը։

Ինքը՝ Օգունդիպեն գրել է Twitter-ում, որ փետրվարի 22-ից աշխատում է Clubhouse-ում։

Մինչ օրս աուդիոցանցի համար բջջային հավելվածը հասանելի էր միայն iPhone-ի այն օգտատերերի համար, որոնք հրավեր են ստացել։

Օգունդիպեն ծրագրային ապահովում է մշակում Android-ի բազայի վրա 2014-ից ի վեր Instagram-ի, Khan Academy ոչ առևտրային կրթական սոցցանցի և Medium բլոգ-հարթակի համար։

Clubhouse ձայնային սոցցանց է, որը թույլ է տալիս օգտատերերին շփվել թեմատիկ վիրտուալ սենյակներում։ Սոցցանցին կարելի է միանալ միայն մեկ այլ օգտատերի հրավերով։ Ձայնային սոցցանցը գործարկվել է 2020-ի մարտին, իսկ առավել մեծ տարածում ստացել՝ 2020-ի ավարտին, 2021-ի սկզբին։ Փետրվարի 21-ին Clubhouse-ի համահիմնադիրներ Փոլ Դևիդսոնը և Ռոհան Սեթը հայտարարեցին, որ շաբաթական 10 մլն ակտիվ օգտատեր են ունենում։