25 փետրվարի 2021 - 12:46 AMT
Արցախի նախագահը խիստ մտահոգ է ՀՀ ներքաղաքական զարգացումներով. «Պատրաստ եմ միջնորդել»

Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԶՈւ Գլխավոր շտաբի կողմից ՀՀ կառավարության ու վարչապետի հրաժարականի պահանջին:

«Հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով:

Այս պահին գտնվելով Երևանում՝ ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում»,- նշել է նա:

Փետրվարի 25-ին Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վարչապետն ավելի վաղ պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Զինվորականների հայտարարությունից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում: