ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի արվել որևէ մեկի ճնշման տակ։ Այդ մասին ասվում է ԶՈւ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։
Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»,- նշել է նա։
Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվում, թե ԳՇ հայտարարության վրա կարող էր ազդեցություն ունենալ Ռուսաստանը:
Փետրվարի 25-ին Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վարչապետն ավելի վաղ պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Զինվորականների հայտարարությունից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում: