25 փետրվարի 2021 - 15:59 AMT
Դատախազություն. Քաղաքացիներին ու զինվորականներին կոչ ենք անում դրսևորել օրինապաշտ վարքագիծ

Գլխավոր շտաբի հայտարարության ռիսկերն ու դրանց վերաբերյալ քննարկումները ստեղծել են ներքին հանրային, քաղաքական ապակայունացման նախադրյալներ, որոնց հնարավոր զարգացումները կարող են հանգեցնել անկանխատեսելի, մեր պետության և ժողովրդի անվտանգության տեսանկյունից աղետալի հետևանքների, հայտարարել են Գլխավոր դատախազությունից:

Կառույցից քաղաքացիներին ու զինվորականներին կոչ են արել դրսևորել իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ, մնալ «Սահմանադրության կարգավորումների շրջանակում և խուսափել անպատասխանատու քայլերից»:

«Դատախազությունը զգուշացնում է, որ որևէ հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի սանձազերծում, դրանցում ներգրավվում, անկախ նրանից՝ ում կողմից դրանք կիրականացվեն, արժանանալու են ամենախիստ իրավական գնահատականների, հետապնդվելու են օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ: Դատախազությունը հետամուտ է լինելու երկրում իրավակարգի պահպանությանը, հնարավոր հանցավոր դրսևորումների հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկելուն», - նշված է հայտարարության մեջ։

44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: