25 փետրվարի 2021 - 16:06 AMT
Չավուշօղլու․ Թուրքիան դատապարտում է «հեղաշրջման փորձը ՀՀ-ում»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՀՀ-ում ծավալվող իրադարձությունները գնահատում են որպես «հեղաշրջման փորձ և վճռականորեն դատապարտում այն», գրում է ՌԻԱ Նովոստին։

«Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք։ Մենք նաև դատապարտում ենք Հայաստանում այդ փորձը։ Կարելի է քննադատել կառավարությանը, հրաժարական պահանջել՝ դա նորմալ է։ Ոչ միայն բանակի միջոցով կառավարության տապալումը, այլ նույնիսկ այդպիսի կոչն անթույլատրելի է»,- ասել է Չավուշօղլուն Բուդապեշտում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանը ԳՇ գործողությունը որակել է ռազմական հեղաշրջման փորձ:

Վարչապետն ավելի վաղ պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Զինվորականների հայտարարությունից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում: Ընդդիմությունն իր հավաքը անցկացնում է Ազատության հրապարակում։