25 փետրվարի 2021 - 17:35 AMT
Փաշինյանի կողմնակիցներն ու ընդդիմությունը երթերի են դուրս եկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի մասնակցիները դուրս են եկել երթի Տիգրան Մեծ պողոտայով։

Ընդդիմությունն իր հերթին Ազատության հրապարակից Բաղրամյան պողոտայով երթով շարժվում է դեպի Ազգային ժողով, որի ընդդիմադիր խմբացություններն արտահերթ նիստ են նախաձեռնում։

Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ կգնան ԱԺ, իրենց պահանջը կհայտնեն և նորից կվերադառնան Ազատության հրապարակ։

Արտահերթ նիստը նախատեսվում է հրավիրել ռազմական դրության չեղարկման պահանջով։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանը ԳՇ գործողությունը որակել է ռազմական հեղաշրջման փորձ:

Վարչապետն ավելի վաղ պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Զինվորականների հայտարարությունից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում: Ընդդիմությունն իր հավաքը անցկացնում է Ազատության հրապարակում։