25 փետրվարի 2021 - 18:14 AMT
Ընդդիմությունն ուզում է գիշերել Բաղրամյանում. Պողոտան բարիկադներով փակում են

Իշխանության հարցն ԱԺ-ում է լուծվելու, խորհրդարանի մոտ հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հավելելով նաև, որ իրենց շտաբն այնտեղ է:

Նա հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել Բաղրամյան պողոտան երկու կողմից փակել բարիկադներով և պատրաստ լինեն գիշերն այդտեղ մնալուն:

«Կմնանք, թող գա, թելադրենք՝ ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է հեռանա»,- հայտարարել է նա՝ հավելելով, թե պահը բաց թողնելը նշանակում է հայրենիքը կորցնել:

Հանրահավաքի մասնակիցներին նախաձեռնողները տեղեկացրել են, որ ավելի ուշ վրաններ ու վառարաններ կբերվեն: Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ խորհրդարանը շրջափակված է:

44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել է, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: