25 փետրվարի 2021 - 18:34 AMT
ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում ՀՀ-ում կողմերին խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը բոլոր կողմերին խրախուսում է հանգստություն, զսպվածություն ցուցաբերել և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Այդ մասին ասվում է դեսպանության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ կառույցն ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։

«Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին»,-ասվում է հայտարարության մեջ։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանը ԳՇ գործողությունը որակել է ռազմական հեղաշրջման փորձ:

Վարչապետն ավելի վաղ պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Զինվորականների հայտարարությունից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել Հանրապետության հրապարակում: Ընդդիմությունն իր հավաքն անցկացրեց Ազատության հրապարակում։Այնուհետև երկու երթ մեկնարկեց տարբեր ուղղություններով։ Ընդդիմությունը դեպի ԱԺ գնաց, որտեղ որոշեցին մնալ և բարիկադներ կառուցել Բաղրամյանի վրա։