25 փետրվարի 2021 - 19:51 AMT
Գորիսի քաղաքապետ․ Շնորհակալություն ԳՇ պետին և շտաբին վճռական պահին հայի և ՀՀ կողքին կանգնելու համար

Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և ամբողջ շտաբին այս պատմական և վճռական պահին «հայի և Հայաստանի Հանրապետության կողքին կանգնելու համար»։ Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ և դավաճան իշխանությունը պետք է հեռանա և վերջ պետք է դրվի այս դավաճանական պրոցեսսին, որի արդյունքում մենք ժամ-ժամ հայրենիք ենք կորցնում»,- գրել է նա։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանը ԳՇ գործողությունը որակել է ռազմական հեղաշրջման փորձ:

Վարչապետն ավելի վաղ պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Զինվորականների հայտարարությունից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում: Ընդդիմությունն իր հավաքը անցկացնում է Ազատության հրապարակում։