26 փետրվարի 2021 - 10:29 AMT
Ժամը 11-ին Ազգային ժողովի խորհրդի նիստ է նախատեսված

Փետրվարի 26-ին` ժամը 11։00-ին, նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Օրակարգում մեկ հարց է՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած հարցը՝ ռազմական դրության վերացում և երկրում ստեղծված իրավիճակի քննարկումը», -ասել է նա, գրում է Aysor.am-ը։

«Ուզում եմ հավատալ, որ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների մեջ կգտնվեն բավարար չափով արժանապատվություն ունեցող այնպիսի գործընկերներ, որիոնք կներկայանան խորհրդի նիստին և կհաստատեն օրակարգը», - ասաց Տոնոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իսկանդերների» մասին հայտարարությունից, դրան ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությունից ու նրան պաշտոնանկ անելուց հետո ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ: