26 փետրվարի 2021 - 11:13 AMT
Չալաբյան․ Բանակի դեմարշը Փաշինյանին հիշեցնում էր՝ կորցրել է երկիրը ղեկավարելու բարոյական իրավունքը

Բանակի աննախադեպ դեմարշը վերջինհիշեցումն է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ երկիրը կապիտուլյացիայի ենթարկելուց հետո նա կորցրել է այն ղեկավարելու բարոյական իրավունքը, հայտարարել է «Ազգային օրակարգ» կուսակցությունից Ավետիք Չալաբյանը։

«Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մասնակցել այդ ընտրություններին, շարունակել իր դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում, նա պետք է դադարի կառչել իր այսօրվա պաշտոնից, վերջ տա սպառնալիքների լեզվով իր քաղաքական հակառակորդների հետ խոսելուն, խելամիտ պայմանավորվածության հասնի նոր ընտորւթյունների վերաբերյալ, և այնուհետև արժանապատիվ հրաժարական տա, ինչպես դա կլիներ ցանկացած ժողովրդավարական պետությունում։ Հակառակ պարագայում, խորացող ներքին հակամարտությունը կկազմաքանդի մեր պետության առանց այդ էլ խարխլված հիմքերը, և մեզ կկանգնեցնի վերջնական ազգային աղետի առջև»,-հայտարարել է նա։

Չալաբյանի խոսքով՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը Փաշինյանը փորձել է ներկայացնել որպես զինված հեղաշրջման փորձ, սակայն դա այդպես չէ։ Ասում է՝ իրականում «լցվել է բանակի համբերության բաժակը»։

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Ֆլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։