26 փետրվարի 2021 - 13:14 AMT
Նիդերլանդների խորհրդարանը 2 հայանպաստ բանաձև է ընդունել՝ գերիների և Ցեղասպանության մասին

Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 25-ին 2 հայանպաստ որոշում է կայացրել. բանաձևեր են ընդունվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին:

Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևով խորհրդարանը պահանջում է Նիդերլանդների կառավարությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Մարտին վան Հելֆերտի բանաձևը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին է։ Այս մասին տեղեկացրել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը:

Բանաձևերն ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ։ Միայն թուրքամետ խմբակցությունը (3 պատգամավոր) դեմ է քվեարկել։

Պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևում հստակորեն կոչ է արվում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), ապրիլի 24-ի հանձնախումբը և համայն հոլանդահայությունը երախտապարտ են Ջոել Ֆորդևինդին և խորհրդարանի բազմաթիվ այլ անդամներին, որոնք երկար տարիներ ջանք չեն խնայել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը։

FAON-ը համարում է, որ այս գաղափարը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, քանի որ հենց Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ագրեսիվ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ»,-նշել է FAON-ը՝ հույս հայտնելով, որ կառավարությունը չի անտեսի խորհրդարանի այս շատ հստակ հայտարարությունը և կիրականացնի այն։

Նիդերլանդների խորհրդարանը, դեռ 2004թ. միաձայն ընդունելով Ռաուֆուտի բանաձևը, ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Այդ բանաձևը դիմելով կառավարությանը նշում է. «Թուրքիայի հետ երկկողմ կամ Եվրամիության շրջանակներում երկխոսության ժամանակ կառավարությունը պետք է հստակորեն և շարունակաբար քննարկման առարկա դարձնի Հայոց ցեղասպանության ճանաչումը»։ Հետագայում կրկին՝ 2015, 2018 թվականներին, խորհրդարանը հստակորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Նոր բանաձևով խորհրդարանը հայտնում է, որ այլևս չի կարող համաձայնվել կառավարության ներկայիս մոտեցման հետ։