26 փետրվարի 2021 - 14:43 AMT
ՀՀ-ում լարվածությունը թուլացնելու համար նախագահը կհանդիպի ԱԺ խմբակցությունների ղեկավարներին

Հայաստանում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպելու է Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին, տեղեկացնում են նրա աշխատակազմից։

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Փաշինյանն ասել էր, որ ժողովուրդն է իրեն իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ հեռանա, թե ոչ։ ԳՇ հայտրարարությունից առաջ Փաշինյանը պաշտոնից ազատել էր շտաբի պետին՝ Օնիկ Գասպարյանին և առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Գասպարյանի ազատման որոշման տակ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել։