26 փետրվարի 2021 - 15:59 AMT
ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի աշխատանքային խմբի հերթական նիստը փետրվարի 27-ին է

ՌԴ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համաձայնեցրել են փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խմբի հերթական նիստի օրը՝ այն կկայանա փետրվարի 27-ին Մոսկվայում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այս պահի դրությամբ բոլոր կողմերը հաստատել են մասնակցությունը»,-ասել է նա, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։

Նշվում է, որ աշխատանքային խմբի հիմնական նպատակն է տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը Հարավային Կովկասում։

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը ներկայացնելու են ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։

Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար: