Ուկրաինայում կորոնավիրուսի դեմ Oxford/AstraZeneca պատվաստանյութով պատվաստումներից հետո աննշան կողմնակի ազդեցությունների մի քանի դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտարարել է գլխավոր սանիտարական բժիշկ, առողջապահության փոխնախարար Վիկտոր Լյաշկոն։
Փետրվարի 23-ին Հնդկաստանից Կիև է հասցվել Oxford/AstraZeneca-ի 500,000 դեղաչափ։ Հաջորդ օրը սկսվել են պատվաստումները, գրում է ՌԻԱ Նովոստին։
Երկու օրում 1338 մարդ է պատվաստվել։
«Փետրվարի 25-ի դրությամբ առաջին հաղորդագրությունները եղան պատվաստումներից հետո ոչ բարենապաստ աննշան ազդեցության մասին։ Այդպիսի դեպքերը 7-ն են»,- ասել է Լյաշկոն։
2020-ի ավարտին հայտնի դարձավ կորոնավիրուսի նոր շտամերի մասին, որոնք հայտնաբերվեցին Մեծ Բրիտանիայում, ՀԱՀ և Բրազիլիայում։ Հետագայում հայտնի դարձավ, որ հարավաֆրիկյան շտամը կարող է վարակել արդեն պատվաստված կամ կորոնավիրուսով արդեն հիվանդացած մարդկանց։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում որոշել են առայժմ դադարեցնել կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումները, քանի որ հետազոտությունը ցույց է տվել դրա ցածր արդյունավետությունը հարավաֆրիկյան շտամի դեմ։