26 փետրվարի 2021 - 16:28 AMT
Պատգամավոր․ Ալիևի խոսքերը գերիների մասին հեռու են իրականությունից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Հայաստանին են վերադարձրել բոլոր ռազմագերիներին հեռու է իրականությունից և հիմնազուրկ։

«Անկախ գերեվարված անձանց կարգավիճակից Ադրբեջանի տարածքում գտնվող մեր հայրենակիցները ենթակա են վերադարձի, և մենք շարունակաբար միջազգային բոլոր ատյաններում պնդելու ենք մեր մոտեցումները։

Եվ՛ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես հայտարարությունը ստորագրող կողմ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները պետք է ուշադրության լույսի ներքո քննեն այս հայտարարությունը և ձեռնարկեն շուտափույթ անհրաժեշտ միջոցներ Հայաստանի քաղաքացիների վերադարձն ապահովելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» է անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր ռազմագերիներն։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։