26 փետրվարի 2021 - 17:04 AMT
Ավինյանի գրասենյակը՝ Ալիևին․ Դիվերսանտ ու ահաբեկիչ չունենք, գերիների հարցը սակարկվում է

Հայաստանը ոչ մի տեղ չունի դիվերսանտ ու ահաբեկիչ, և Ադրբեջանի նախագահի նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ ադրբեջանական կողմը փորձում է գերիների հարցը սակարկության առարկա դարձնել։

Այսպես են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրանսենյակից արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայ ռազմագերիների մասին արած հայտարարությանը, փոխանցում է Bagramyan26 Telegram ալիքը։

Փետրվարի 26-ին Ալիև իր երկրում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» էր անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր ռազմագերիներն։

Ավինյանի գրասենյակից նշել են, որ այդ գործողությունները հակասում են 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության ոգուն ու տրամաբանությանը։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։