26 փետրվարի 2021 - 17:51 AMT
Էրդողան․ ՀՀ-ում ժողովուրդը պետք է փոխի Կառավարությունը, ոչ թե բանակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին, հայտարարել է, որ ՀՀ-ում կառավարություն փոխելով պետք է զբաղվի ժողովուրդը, ոչ թե բանակը։

Նա հավելել է, որ Թուրքիան դեմ է հեղաշրջումներին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջումների։ Երբ բանակը միջամտում է քաղաքականությանը, դա անթույլատրելի է։ Եթե հարկ լինի փոխել կառավարությունը, ուրեմն թող դա անի հայ ժողովուրդը, այդ գործը նրան է պետք թողնել։ Հայ ժողովուրդը հոգնել է գործող ղեկավարությունից»,-ասել է Էրդողանը։

Նրանից առաջ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել էին նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը, Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՀՀ-ում ծավալվող իրադարձությունները գնահատում են որպես «հեղաշրջման փորձ և վճռականորեն դատապարտում այն»։ Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանը ԳՇ գործողությունը որակել է ռազմական հեղաշրջման փորձ: