26 փետրվարի 2021 - 18:57 AMT
Վանեցյան․ Նախագահը լսել է մեզ, ասել՝ լիազորությունների շրջանակում օբյեկտիվ որոշում կկայացնի

Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները հանդիպել են նախագահ Սարգսյանին, ներկայացրել իրենց տեսակետն ու խնդրել, որ «որպես Սահամանադրության երաշխավոր, իր լիազորությունների շրջանակում հանգուցալուծի երկրում ստեղծված արտառոց վիճակը», հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Գլխավոր շտաբի պետի հրաժարականի փաստաթղթի մասով, ըստ Վանեցյանի, Սարգսյանը որևէ ազդակ չի տվել։

«Նախագահը լսել է մեզ և ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի: Որևէ կոնկրետ որոշում նախագահը մեզ չի ասել»,-ասել է նա։

Վանեցյանը նշել է, որ երկուստեք արձանագրել են, որ առաջնահերթ է պետական շահը, «բոլորն առաջնորդվելու են պետական շահի առաջմղմամբ»:

Վանեցյանի խոսքով՝ նախագահը հանդիպման ընթացքում նշել է, որ ՀՀ-ում փետրվարի 26-ի իրադարձությունները ռազմական հեղաշրջման փորձ չեն։

Վանեցյանը տեղեկացրել է նաև, որ նախագահը շարունակում է հանդիպումների շարքը: Ըստ նրա՝ նախագահի ու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հանդիպում պիտի անցկացվի փետրվարի 26-ին։