1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։
Վարչապետը ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
Վարչապետին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
1988-ի փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը զանգվածային դաժան սպանությունների և խոշտանգումների ենթարկվեց: Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարաններ ու սպանում նրանց: Դրանից հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում: Հայերի ջարդերը կազմակերպված էին՝ ջարդարարներն ունեցել էին զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:
Սումգայիթյան ջարդերը դարձան սկիզբ Արցախի, Գարդմանքի, Գանձակի և Բաքվի խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված բռնությունների նոր ալիքների: 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ամբողջ հայկական համայնքը` առնվազն 500,000 հայ: