1 մարտի 2021 - 10:28 AMT
Մարուքյանը Փաշինյանին առաջարկել է այլ անձի վարչապետ չընտրվելը երաշխավորող՝ արտահերթի ճանապարհ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, առաջարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ ցրել Ազգային ժողովն ու արտահերթ ընտրություններ նշանակել՝ հավելելով, որ այդ դեպքում ԼՀԿ-ն պատրաստ է հուշագիր ստորագրել, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում չեն առաջադրի կամ սատարի վարչապետի այլ թեկնածուի։

Ըստ Մարուքյանի՝ ճգնաժամից դուրս գալու առաջին քայլը պետք է անի վարչապետը՝ հետ վերցնելով գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին որոշումը։ Մարուքյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններով ձևավորված նոր իշխանությունը կորոշի՝ գլխավոր շտաբի ներկա ղեկավարության հետ աշխատել, թե՝ ոչ։

Նա հավելել է նաև, որ դա թույլ կտա երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից՝ նշելով, որ սա Փաշինյանին արված լավագույն առաջարկն է և ավելի լավը չի լինելու։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը:

Իսկ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: