1 մարտի 2021 - 10:40 AMT
Իմքայլական․ Առերևույթ հիմքեր կան ՀՀ նախագահի պաշտոնանկության համար

Նախագահ Արմեն Սարգսյանի քայլերը, կարծես, բացասական հետևանքներ առաջացնելուն են միտված, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան նրա պաշտոնանկության գործընթաց սկսելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ ամենևին էլ այնպես չէ, թե Սարգսյանն օգտվել է Սահմանադրական իր իրավունքից՝ Գլխավոր շտաբի պետի հեռացման որոշումը հետ ուղարկելիս։

«Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին: Կոնկրետ ներկա իրավիճակում Վարչապետը Սահմանադրությամբ (155 հոդված) իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին: Նույնիսկ ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ: Իրականում գործ ունենք Նախագահի կողմից իր լիազորությունը կամայական իրացնելու դեպքի հետ, ինչն անթույլատրելի է: Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այսպես շարունակ: Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»,- գրել է նա:

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։ Փետրվարի 27-ին նախագահն առարկություններով վարչապետին հետ էր ուղակել ԳՇ պետի պաշտոնանկության որոշումը։ Վարչապետն այն կրկին նախագահին էր ուղարկել։