2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից 13 տարի է անցել։
2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում:
Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, և ուժով ցրեցին ցուցարարներին:
Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Տեղի ունեցան բախումներ ոստիկանության ու ցուցարարների միջև։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտան բանակային ստորաբաժանումներ: Դրան հետևած բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ, որից 2-ը՝ ոստիկան:
Բախումների արդյունքում բուժօգնության է դիմել 230 մարդ, հոսպիտալացվել է 33 ոստիկան։
Սպանությունները մինչ օրս բացահատված չեն, իսկ մի շարք այն ժամանակվա ընդդիմադիր գործիչներ դատապարտվեցին «անկարգություններ հրահրելու մեղադրանքով, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ նրանք հետագայում ազատ արձակվեցին համաներմամբ։
2018-ի մայիսի թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործը վերաբացվեց, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու մի շարք այլ նախկին բարձրաստիճան սպաներ ու պաշտոնյաներ անցնում են գործով որպես մեղադրյալներ։
2019-ին մարտի 1-ից 2-ը Երևանում իրադարձությունների ժամանակ տուժած անձանց օրենքով միանվագ դրամական օգնություն տրամադրելու որոշում կայացվեց, որով մարտի 1-ին ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձին տրամադրվել է 30 մլն դրամ:
2008 թվականից ի վեր ընդդիմությունն ամեն տարի մարտի 1-ին երթ է կազմակերպել՝ ի հիշատակ այդ իրադարձությունների ժամանակ զոհվածների: Երթն ավարտվում է Մյասնիկյանի հուշարձանի մոտ, որտեղ ծաղիկներ են դրվում զոհերի հիշատակին:
Մարտի 1-ի իրադարձությունների 13-րդ տարելիցի օրը Երևանում 4 հանրահավաք կանցկացվի։