1 մարտի 2021 - 16:27 AMT
Նախագահն ու վարչապետը հանդիպել են

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել են: Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը:

Մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ սադրիչ և կեղծ տեղեկություններ տարածելուց, միաժամանակ, կրկին ընդգծում ենք, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: