1 մարտի 2021 - 17:55 AMT
Մարուքյան․ Փաշինյանն ուզում է «Իսկանդերի» պատմությունը գցել ԳՇ պետի գրպանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է իր խոսնակի միջոցով «Իսկանդերի» պատմությունը նույնպես գցել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի «գրպանը», հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես չեմ վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին: Եթե մի մարդ երկրի վարչապետ է, իրեն բան են զեկուցել, ինքն էդ զեկուցած ինֆորմացիան մի 4 աղբյուրից չի ճշտել, ինչո՞ւ է հարցազրույցի ժամանակ հայտարարում: Շփոթվա՞ծ է եղել՝ հարցազրույցը ձայնագրություն է եղել, ինչո՞ւ չի հանվել մեր երկիրը խայտառակող այդ դրվագը: Հիմա վարչապեն ուզում է իր խոսնակի միջոցով «Իսկանդերի» պատմությունը նույնպես գցել ԳՇ պետի «գրպանը», - ասել է Մարուքյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Մարտի 1-ին վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, թե «Փաշինյանն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն «Իսկանդերի» հետ կապված իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»:

Ավելի վաղ վարչապետՓաշինյանը, պատասխանելով երկորրդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ասել էր, որ Արցախում կրակած Իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10%-ով։ Հայտարարությունը լայն արձագանք էր ստացել նաև ռուսական լրատվամիջոցներում։ Մասնավորապես, ընգծվում էր, թե ՀՀ վարչապետը կասկածի տակ է դրել ռուսական զենքի արդյունավետությունը։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ից հայտարարել էին, որ Արցախում Իսկանդեր-Մ տեսակի զենք չի օգտագործվել։