ՀՀ Զինված ուժերը հերթական հայտարարությունն է տարածել՝ կրկին անդրադառնալով վերջին դեպքերին ու վերահաստատելով իրենց դիրքորոշումը:
«Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։
Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերն առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»,- ասվում է հայտարարության մեջ։
Օրերս Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։
Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրեց Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: