6 մարտի 2009 - 19:10 AMT
2008թ. Ռուսաստանը կարողացավ ապահովել իր առաջատար դերը ղարաբաղյան հակամարտությունում
2008թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում հաջողվեց պահպանել բանակցային գործընթացի հաջորդականությունը, չնայած ներքին քաղաքական իրադրության առանձնահատկություններին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահական ընտրություններում: Այդ մասին ասվում է 2008թ. Ռուսաստանի ԱԳՆ գործունեության ամփոփման մեջ:

Առաջին անգամ ընտրական շրջանում միջազգային միջնորդները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հնարավորություն ստացան շարունակելու խորհրդատվությունները կողմերի հետ` ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Անցկացված հանդիպումների ընթացքում միջազգային միջնորդները ձգտում էին ապահովել ուղղակի հաղորդակցության շարունակումը կարգավորման հիմնավոր սկզբունքները համաձայնեցնելու նպատակով: Երկու անգամ` հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում եւ նոյեմբերի 2-ին Մոսկվայում, կայացան հայ-ադրբեջանական հանդիպումներ նախագահների մակարդակով»,- ընդգծվում է ՌԴ ԱԳՆ փաստաթղթում:

Ամփոփման համաձայն, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի բազմակի հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, որոնց ընթացքում մանրամասն քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդիրը, նպաստեցին հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի առաջատար դերի ապահովմանը:

«Ռոթւսաստանի նախագահի հրավերով եւ նրա մասնակցությամբ Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքը դարձավ եռակողմ հռչակագրի ընդունումը` ուղղված քաղաքական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Դա առաջին փաստաթուղթն է, որը վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը եւ որի տակ իրար կողք գտնվում են երկու պետությունների` Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ստորագրությունները»,- նշվում է 2008թ. ՌԴ ԱԳՆ ամփոփման մեջ: