4 մարտի 2021 - 17:02 AMT
ԱԱԾ-ն՝ Որոտանում ադրբեջանցիների ինժեներական աշխատանքների մասին․ Անվտանգության ապահովման աշխատանքներ են

Ադրբեջանական կողմն իր վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ, նշված ուղղություններում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, և անհանգստանալու առիթներ չկան, հայտարարել են ԱԱԾ-ից, փոխանցում է «Հետքը»։

Մամուլի կենտրոնից չեն պատասխանել հարցին, թե արդյոք ադրբեջանցի սահմանապահներն իրավունք ունեն նման աշխատանքներ կատարել շփման գծում՝ խնդրելով բավարարվել փոխանցված ինֆորմացիայով:

Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը գրել էր, թե ադրբեջանական կողմը Որոտանում ինժեներական ախատանքներ է իրականացնում։

Գորիս խոշորացված համայնքի մեջ ընդգրկված Որոտանի գյուղի վարչական ներկայացուցիչ Սուրեն Օհանջանյանն իր հերթին հայտնել էր, թե ադրբեջանցիները իրենց վերահսկողության տակ անցած երկհարկանի տան մոտ 3 խրամատ են փորել տրակտորով։