5 մարտի 2021 - 15:27 AMT
Անհետ կորածների հարցով մոտ 2500 մարդ է դիմել ռուս խաղաղապահներին

44-օրյա պատերազմում անհետ կորածների հարցով մոտ 2500 մարդ է դիմել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին, այդ թվում՝ 600-ը՝ թեժ գծով, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոնում շարունակում է գործել թեժ գիծը՝ Արցախում պատերազմի մասնակիցների և անհետ կորածների մասին տվյալների հավաքագրման նպատակով։

Բոլոր դիմումները գրանցվում են տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։

Նշվում է, որ անհետ կորածների որոնումներն իրականցնում են ռուս զինծառայողները՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբբեջանական կողմերի հետ համագործակցությամբ։

Արցախում զինադադարից ի վեր հայտնաբերվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց 1488 մարմին։ Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ մարտի 4-ի դրությամբ նույնականացվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մոտ 2000 մարմին։

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ զոհվածների թիվը չի գերազամցի 4000-ը։