ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության առաջին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով Եռաբլուր զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։
Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակցերի ու թիկնազորի ուղեկցությամբ, գրում է Sputnik Արմենիան։
Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։