5 մարտի 2021 - 17:21 AMT
ԵԱՏՄ երկրներում մտադիր են արգելել պլաստիկ տոպրակների օգտագործումը

ԵԱՏՄ երկրներում մտադիր են արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկի, այդ թվում տոպրակների օգտագործումը՝ արգելքը կլինի փուլային։

Միանգամյա պլաստիկից հրաժարվելու ռազմավարությունը նախատեսվում է հաստատել մինչև մարտի վերջը։ Այդ մասին հայտնել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունում, գրել է «Իզվեստիան»։

ՌԴ արդյունաբերական առևտրի նախարարությունում նշել են, որ պլաստիկի օգտագործման ամբողջական արգելքը կարող է հավելյալ ծախսեր առաջացնել արտադրողների համար։ Մասնավորապես, նշվել է, որ թղթե փաթեթավորումը հարմար չէ մսի, ձկան, որոշ մրգերի փաթեթավորման համար։

Նախարարությունն առաջարկել է արգելքի փոխարեն տնտեսական լծակներ կիրառել՝ հարկեր և տուրքեր, մարքեթինգային սահմանափակումներ։ Այդ դիրքորոշմանը կողմ է Ղազախստանը։ Իսկ Բելառուսն ու Ղրղզստանը դեմ են արտահայտվել։

ՀՀ-ում 2022 թ-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Հիմք ընդունելով «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան մասը՝ նախատեսվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում սահմանել «կշռափաթեթավորում» հասկացությունը, ավելացնել նոր դրույթ, որով 2022 թ. հունվարի 1-ից կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Արդյունքում՝ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում;