Թուրքիան հանվել է ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից։ Այդ մասին որոշում է կայացվել մարտի 5-ին հեռավար կարգով կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն։
Որոշումն ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի, տեղեկացնում է Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Արտոնություններից օգտվող երկրների ցանկը հաստատվել է 2009-ին Մաքսային միության Հանձնաժողովի որոշմամբ։
Արտոնություններից օգտվում էր 103 երկիր: