5 մարտի 2021 - 17:57 AMT
ԱԳՆ խոսնակ․ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը «Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով տրանսպորտային նոր միջանցքնի մասին արտահայտությանը, հայտարարել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, ասել է, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:

«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը:

Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,-ասվում է ԱԳՆ խոսնակի մեկնաբանության մեջ: